«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի» սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարանի վարույթն ավարտվել է, և դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշելու, համապատասխանում է արդյոք այդ օրենքը ՀՀ Սահմանադրությանը։
Որոշման հրապարակման ժամկետները դեռևս չեն հստակեցվել։ Այդ մասին ասել է Սահմանադրական դատարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն, հայտնում է «Ազատությունը»։
Ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումի հիման վրա երկու տարուց ավելի ՍԴ-ում ընթացել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վիճարկումը։ Դատարանը, սակայն, չի հստակեցրել՝ ինչու քննության ամբողջ ընթացքում չի կիրառել օրենքի գործողությունը կասեցնելու մեխանիզմը։
Նշված օրենքի հիման վրա մինչ այժմ կայացված 12 դատական վճիռներով պետությանը վերադարձվել է ավելի քան 17 միլիոն դոլարին համարժեք գույք։ Ըստ պաշտոնական տվյալների՝ նախորդ տարիների ընթացքում դատարան է ներկայացվել 136 հայց՝ պահանջելով բռնագանձել մոտ 527 միլիարդ դրամի գույք, այդ թվում՝ 270 միավոր շարժական և 1381 միավոր անշարժ գույք։