ՀԿԴ-ում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ ապրիլի 4–ին շարունակվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի և «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի գործով դատական նիստը:
Ըստ մեղադրանքի՝ նախկին նախարարը գնման գործընթացում ապահովել է «Սիներջի» ընկերության հաղթանակը, որի հետ կապ է ունեցել ինչպես անձամբ, այնպես էլ՝ միջնորդավորված: Սակայն մրցույթի մասնակից «Հարմոնիա» հիմնադրամը մրցույթի արդյունքը բողոքարկել է դատարանում և շահել այն:
Նիստում շարունակվել է օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների վերլուծությունը։ Հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը ներկայացրել է հեռախոսային խոսակցությունների վերծանումները, որոնց վերաբերյալ պաշտպանական կողմը ներկայացրել է առարկություններ ու մեկնաբանություններ, հայտնում է «Առավոտը»։
«Նիստից՝ նիստ համոզվում ենք, որ այս մեղադրանքը ընդամենը մեկ կամ երկու հոգու ֆանտազիայի արդյունք է». ՀԿԴ-ում շարունակվում է Վահան Քերոբյանի եւ Աշոտ Հովհաննիսյանի գործով դատավարությունը
Ամենաշատ քննարկում առաջացրած դրվագը վերաբերել է Վահան Քերոբյանի և Աշոտ Հովհաննիսյանի զրույցին՝ փոխնախարարի թեկնածուի հարցով։
Հանրային մեղադրողն ընդգծել է. «Սա փաստ է: Եվ փաստը մնում է փաստ: Հետևաբար, ինչքան էլ իրենք դատարանին ներկայացնեն, որ Աշոտ Հովհաննիսյանի և Վահան Քերոբյանի միջև կապ չկար, այս խոսակցությունից արդեն բխում է, որ այդ ամենը ի չիք է դառնում: Սրանից հետո ինչ ուզում է ասեն: Եթե մարդու հետ քննարկում են նախարարի տեղակալ նշանակելու հարցը, էլ ինչի՞ մասին է խոսքը»։
Դահլիճում արձագանքել է Աշոտ Հովհաննիսյանը՝ նշելով, որ տվյալ զրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Սիներժին» արդեն պարտված է եղել մրցույթում։
«2024 թվականի հունվարը նշանակում է, որ մենք արդեն պարտվել ենք, մեր բողոքն էլ դատարանը չի ընդունել և այդ հարցն արդեն ավարտված է… Բայց ամեն ինչն անցած է արդեն, էլ հարց չկա լուծելու… Չի կարելի շիլա-փլավ սարքել, ամեն ինչը խառնել իրար ու միացնել մի ընդհանուր բանի մեջ…»,–ասել է նա։
Իր հերթին Վահան Քերոբյանը բացատրել է հանդիպման մանրամասները՝ նշելով, որ զրույցը եղել է անձնական հակասությունները հարթելու և փոխնախարարի թեկնածուի՝ Լիլիթ Գրիգորյանի վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով։ Նրա խոսքով՝ չի եղել պաշտոն առաջարկելու հարց, այլ քննարկվել է միայն մասնագիտական կարծիք։
Քերոբյանը ասել է. «Նախ ասեմ՝ պարոն Աշոտ Հովհաննիսյանը սխալ է ասում՝ նույն բանի մասին մի քիչ փոփոխված տեսակետ ունի… Ես իրեն առաջարկել եմ՝ հանդիպել, բացատրել, որ ոչ մի անձնական բան չկա, որ «Հարմոնիան» հաղթել է… Լիլիթ Գրիգորյանի աշխատանքը տեսել էի: Խոսակցության ընթացքում ես նրա մասին եմ հարցրել… Ես իրեն չեմ ասել՝ իմ համար փոխնախարար գտիր…»։
Նիստը հետաձգվել է աշխատանքային օրվա ավարտի պատճառով։
Նիստից հետո պաշտպանական կողմը հայտնել է. «Այսօրվա ասածներից ոչ մեկը մեղադրանքի մեջ չկար, հետազոտված ապացույցներից որևէ մեկի բովանդակությունը չէր վերաբերվում ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությանը, ավելին, հերքում էր դա: Այսօր փուչ օր էր: Նիստից՝ նիստ համոզվում ենք, որ այս մեղադրանքը ընդամենը մեկ կամ երկու հոգու ֆանտազիայի արդյունք է»,–ասել է նա։
2024–ի փետրվարի 14-ին Քերոբյանը հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ, որից 5-ը Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են: Քննչական կոմիտեն նշել էր, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։