ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վերջին շրջանում Տելեգրամ հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։
Նա նշել է, որ կան հիմնավոր կասկածներ, որ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս։
«Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, ըստ որոնց՝ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս։
ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ նման ալիքներին հղում կատարելուց, ինչպես նաև՝ չվերահրապարակել և չտարածել դրանցում զետեղված տեղեկությունները։
Անդրադառնալով բանակին, բանակային դիրքերին և առհասարակ պաշտպանական ոլորտին առնչվող տեղեկատվությանը՝ հորդորում ենք ցանկացած տեղեկություն հրապարակելուց առաջ անհրաժեշտ ճշտումներ կատարել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ»,- ասվում է հայտարարությունում։