Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել մթնոլորտային օդի որակին վերաբերող խնդիրներին: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ այս այս սեզոնին օդի որակը զգալիորեն բարելավվում է, հայտնում է Radar.am-ը։
«Խնդիրներ ունենում ենք հիմնականում ձմռան ամիսներին»,- ասել է նա:
Նիստի ընթացքում ներկայացվել է, որ ձմռան սեզոնին օդի աղտոտվածության բարձր մակարդակը պայմանավորված է հատկապես ջեռուցման ակտիվացման հետ:
«Մինչև նախորդ տարի մենք Երևանում օդի որակի չափումներ այս ծավալով չէինք իրականացրել: Անցած տարի Երևանում ունեինք ավելի քան 160 սարք, և դրանց քանակն ու ծավալը մեզ հնարավորություն տվեցին լայնորեն քննարկել այս թեման»,- հայտարարել է քաղաքապետը:
Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի դիտարկման 173 կայանից 2025թ. մարտ ամսին ստացված տվյալներով օդի որակի (AQI) դասիչի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 91, իսկ PM10-ի համար՝ 37։ Այդ արժեքները գտնվում են «լավ» կամ «չափավոր» աղտոտվածության միջակայքերում:
Հրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: