AM
7 April 2025 - 13:02 AMT

Իրավապաշտպան․ «Նուբարաշենի» ՔԿՀ-ում ամեն ինչ սկսվել է «Доля воровская» երգից հետո

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանըասուլիսում մանրամասներ է հայտնել, թե ինչ է իրականում տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նա օրերս էր ահազանգել, որ ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալների դեմ բռնություն է տեղի ունեցել։

«Դատապարտյալները զբոսանքի ժամանակ երգել են տարբեր երգեր, ինչ-որ մեկը երգել է «Доля воровская»-ն, որից հետո եղել է այդ ամենը։ Սպեցնազը (հատուկ նշանակության զորքեր, խմբ.), որ խփել է, ասել է՝ պետք է երգեք «Господа офицеры» երգը։ Ես ամենյան պատասխանատվությամբ եմ դա ասում, ես մի քանի հոգու հետ եմ խոսել։ Երբ բոլորը նույն բանն են պատմում, դու չես կարող կասկած ունենալ»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Ըստ Ալեքսանյանի՝ բռնությունները չեն դադարել և շարունակվել են ավելի քան մեկ ամիս։

«Հավելեմ նաև, որ «սպեցնազ կոչվածը», որ բանդիտական խումբ է, իր արտոնյալ վիճակով առևանգել է դատապարտյալներից մեկին՝ Դավիթ Մինասյանին, երկրորդ օրը նա դեռ չկար տեղում։ Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, հիմա չգիտեմ էլ՝ նա որտեղ է»,-ասել է իրավապաշտպանը։

Նա հավելել է, որ բարձրաձայնում է, որ տեղեկություններ հավաքեն այդ մասին։

Ապրիլի 3-ին Ալեքսանյանը հայտնել էր, որ «Նուբարաշենում» ցմահ դատապարտյալների նկատմամբ բռնություն է գործադրվել։ Այս հայտարարությունից հետո ՄԻՊ գրասենյակը տեղեկացրել էր, որ արձագանքման արագ խումբ է մեկնել հիմնարկ։

Քրեակատարողական ծառայությունից հայտնել էին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում դատապարտյալներից մեկը պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։ Որոշվել է անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ ՔԿՀ՝ հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։

«Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ»,–ասվում էր հաղորդագրության մեջ։