Արցախից բռնի տեղահանված կարիքավոր (ցածր եկամուտներ ունեցող) ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր։ Կառավարությունը որոշում է ընդունել։
Նախագծով կարիքավոր են համարվել այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը չի գերազանցել 55,000 դրամը, հայտնում է Sputnik Արմենիան։
Սակայն որոշ խմբեր օգնությունից դուրս կմնան՝ սոցիալական աջակցություն չեն ստանա․
- Ժամանակավորապես բնակվում են սոցիալական պաշտպանության հաստատություններում։
- Տեղավորված են պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում։
- Պետական աջակցությամբ բնակվում են հյուրանոցներում կամ հյուրատներում։
- Ունեն ընտանիքի որևէ անդամ, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի միակ սեփականատերը, կամ ընտանիքի անդամներից որևէ մեկը կամ մի քանիսը համատեղ կամ բաժնային իրավունքի ձևով (եթե միասին տիրապետում են գույքի 50 տոկոս և ավելի մասնաբաժնին) ունեն նման գույք։
- Ունեն ընտանիքի անդամ, որը 2017 թվականից հետո արտադրված ավտոմեքենա ունի, կամ որի ավտոմեքենայի գույքահարկը տարեկան գերազանցում է 15,000 դրամը։
Ըստ նախագծի՝ տրամադրվելիք ամսական աջակցությունը կազմելու է 40,000 դրամ ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար, իսկ երկրորդ և հաջորդ բռնի տեղահանված անդամների համար՝ 10, 000 դրամ յուրաքանչյուրը։
Հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունները՝ օգնության դիմումը մերժվելու է այն անձի դեպքում, ով փաստացի Հայաստանում չի գտնվում։
Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը 2025-ի ապրիլի 1-ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիները այլևս չեն ստանում 40 000+10 000 դրամի չափով բնակվարձի աջակցություն։ Մարտի 29-ին Ազատության հրապարակում կայացած լայնածավալ հանրահավաքի ժամանակ, որի հիմնական պահանջներից մեկն այդ որոշման չեղարկումն էր, Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության խորհուրդը ներկայացրել է պահանջագիր՝ ուղղված ինչպես ՀՀ իշխանություններին, այնպես էլ միջազգային հանրությանը։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115,365 մարդ, որոնցից մոտ 4400-ը արդեն ստացել են ՀՀ քաղաքացիություն։