ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհի հետ Տաշքենդում կայացած հանդիպմանը ներկայացրել է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խաղաղ նախաձեռնությունները, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Հնդկական պատվիրակության անդամները իրենց աջակցությունն են հայտնել այս նախագծին՝ ընդգծելով, որ Հնդկաստանը սատարում է տարածաշրջանում խաղաղության և կայունության օրակարգին։
Անդրադարձ է եղել հայ-հնդկական միջխորհրդարանական հարաբերությունների խորացմանը:
Հակոբ Արշակյանն ընդգծել է երկու երկրների բարեկամական կապերի արժեքը՝ նշելով, որ դրանք հիմնված են դարերի պատմության ու փոխադարձ հարգանքի վրա։ Նա բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովում իր ղեկավարությամբ գործող Հայաստան–Հնդկաստան բարեկամական խմբի դերը, որն ըստ նրա՝ նպաստում է խորհրդարանական համագործակցության ակտիվացմանը։
Ի պատասխան՝ Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհը նշել է, որ մեծապես կարևորում է հայ–հնդկական հարաբերությունների զարգացումը։ Նա առանձնացրել է Հնդկաստան–Հայաստան բարեկամական խմբի ձևավորման նշանակությունը՝ այն դիտարկելով որպես խորհրդարանական համագործակցության խորացման ու նոր հնարավորությունների բացման քայլ։ Սինգհը հատկապես ընդգծել է 2024 թվականին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Հնդկաստան կատարած պաշտոնական այցի կարևորությունը՝ որպես գործընկերային հարաբերությունների ամրապնդման խորհրդանշական դրվագ։
Արշակյանը հավելել է, որ Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցությամբ, և երկու երկրների միջև տարբեր ոլորտներում առկա է զգալի ներուժ։
Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան: