Ապրիլի 11–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում էր, որտեղ նա ծանոթացել է իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Վարչապետը Կապանում մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը:
Իր ելույթում Փաշինյանն ասել է. «Մենք արդեն մի քանի տարի քննարկում ենք այս փոփոխությունը, այս նոր ինստիտուտի ներդրումը, և ահա, այն առաջինն իրականություն է դառնում Սյունիքի մարզում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր իրադարձություն է: Ուզում եմ ընդգծել՝ այն փոփոխությունները, բարեփոխումները, որ անում ենք, առաջին հերթին վերաբերմունքի փոփոխության մասին են»:
Վարչապետն ընդգծել է նաև ենթակառուցվածքների ստեղծման ֆոնին պատասխանատվության կարևորությունը։
«Ես ուզում եմ համոզվել, որ Էկոպարեկային ծառայության յուրաքանչյուր աշխատակից, ունենալով նոր կառույց, ունենալով նոր աշխատանքային գործիք, ունենալով նոր ավտոմեքենա, պետք է ունենա նաև նոր պատասխանատվություն, որպեսզի պահպանի ՀՀ անտառը Հայաստանի քաղաքացիների համար։ Այս ծառայությունը նրա մասին չէ, որ մենք ուրիշներին չթողնենք, որ անտառը կտրի, որպեսզի մենք ավելի հաջողված կտրենք։ Այս ծառայությունը նրա մասին է, որ ծառի, անտառի, բնության, կենդանու, շրջակա միջավայրի նկատմամբ պետք է փոխվի մեր վերաբերմունքը և պետք է փոխվի մեր պատասխանատվությունը, և ուրիշ տարբերակ չկա»,–ասել է նա։
Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում բոլոր մարզերում նախատեսվում է հիմնել էկոպարեկային ծառայություններ, որոնք կգործեն 24-ժամյա ռեժիմով՝ ապահովելով անտառների պահպանումը։ Իր ելույթի վերջում վարչապետը մաղթել է հաջողություն նոր ծառայության աշխատակիցներին։
Միջոցառման ավարտին ցուցադրվել են ծառայության տեխնիկապես հագեցած նոր ավտոմեքենաները, որոնք ձեռք են բերվել պետական բյուջեի հաշվին։ Մասնավորապես՝ գնվել է 22 հատ «Իսուզու Դե Մաքս» մակնիշի ամենագնաց, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 331.8 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ, էկոպարեկային ծառայության ստեղծման համար պետական բյուջեից հատկացվել է 660 միլիոն 484 հազար դրամ, իսկ միջազգային գործընկերների աջակցությունն անցել է 64 միլիոն դրամը։
Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են նաև Կապանի տեղամասի վերանորոգման մանրամասները, որը իրականցվել է Շրջակա միջավայրի նախարարության Սյունիքի մարզային վարչության կառուցվածքում։ Կապանում, Գորիսում և Շվանիձորում վերանորոգվել են մարզային վարչության երեք տեղամասեր, կառուցվել են զենքի պահոցներ և կահավորվել են անհրաժեշտ գրասենյակային գույքով ու տեխնիկայով, որոնց վրա ծախսվել է 70 միլիոն 419 հազար 800 դրամ։
Փաշինյանը նաև այցելել է Կապան՝ նոր հանգստի գոտի, որը ստեղծվել է սուբվենցիոն ծրագրով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 89 միլիոն դրամ, որից պետական ֆինանսավորումը կազմել է 49 միլիոն դրամից ավելի։ Փաշինյանին ներկայացվել են Կապան քաղաքի թունելից մինչև Բաղաբերդ թաղամաս ձգվող 7.4 կմ երկարությամբ փողոցային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքները։ Այս նախաձեռնության ընդհանուր արժեքը գերազանցել է 149 միլիոն դրամը, պետական մասնակցությունը կազմել է 104 միլիոն դրամ կամ 70%։ Արդյունքում՝ քաղաքում տեղադրվել են երկկողմանի 249 լուսատուներով մետաղյա սյուներ։
Փաշինյանը շրջել է Կապանի հիմնանորոգված թիվ 1 մանկապարտեզում, որը նախատեսված է 170 երեխայի համար։ Այս սուբվենցիոն նախագծի արժեքը կազմել է ավելի քան 377 միլիոն դրամ, որի 80%-ը՝ ավելի քան 302 միլիոն դրամ, տրամադրել է կառավարությունը։