Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
«Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վրա աշխատանքների ավարտից հետո կազմակերպչական գործընթացում առկա իրավիճակը»,– ասվում է ԱԳՆ–ի X–ի միկրոբլոգում։
Ըստ գրառման՝ նախարարները վերահաստատել են երկխոսությունն առաջիկայում շարունակելու իրենց պատրաստակամությունը։
Արարատ Միրզոյանը, Ջեյհուն Բայրամովը և Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորաշվիլին համատեղ մասնակցելու են պանելային քննարկման։
Ապրիլի 12-ին նախատեսվում է նաև Արարատ Միրզոյանի հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ կրկին Թուրքիայի տարածքում։ Այդ անգամ նախարարները հանդիպել են Ստամբուլում՝ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակում։