AM
12 April 2025 - 09:48 AMT

ՄԻՊ–ն աշակերտների հետ քննարկել է բուլինգը և այն կանխելու միջոցները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 11-ին այցելել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոց, որը կրում է Ռոբերտ Աբաջյանի անունը, և դասախոսությամբ հանդես է եկել ավագ դասարանցիների համար։ Այցն իրականացվել է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կիրառման մշտադիտարկման ու մարդու իրավունքների կրթության դերակատարության շրջանակում։

ՄԻՊ–ն աշակերտների հետ քննարկել է բուլինգը և այն կանխելու միջոցները:

Իր ելույթում Պաշտպանը նշել է դպրոցականների հետ նման ձևաչափով հանդիպումների անհրաժեշտությունը՝ կարևորելով դրանք մարդու իրավունքների կրթության տարածման ու գիտակցության բարձրացման տեսանկյունից։

«Կրթությունն ինձ համար մարդու իրավունքների պաշտպանության, համերաշխ և հանդուրժող միջավայրի ձևավորման համատեքստում ունի առաջնային կարևորություն։ Այսօրվա քաղաքակիրթ աշխարհում անհնար է պատկերացնել մարդու իրավունքների պաշտպանության համակարգը առանց կրթական պատշաճ միջավայրի»,- նշել է նա։

Անահիտ Մանասյանն աշակերտներին ներկայացրել է ՄԻՊ-ի գործունեության հիմնական ուղղությունները, իրավասությունների շրջանակը, անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հիմնական խնդիրներին ու այն քայլերին, որոնք ձեռնարկվում են դրանց հաղթահարման ուղղությամբ։

Նա նաև խոսել է Մարդու իրավունքների պաշտպանին կից ստեղծված՝ երեխաների իրավունքների հարցերով զբաղվող հասարակական խորհրդի աշխատանքի մասին։

Հանդիպումը կազմակերպվել է հարցուպատասխանի ձևաչափով՝ ընդգրկելով մի շարք առանցքային թեմաներ, այդ թվում՝ իրավահավասարություն, խտրականության բացառում, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն։

Եզրափակելով իր խոսքը՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նկատելի դրական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ներդրումը սեփական միջավայրում։

Այցի ավարտին ՄԻՊ-ը շրջել է դպրոցով՝ տեղում ծանոթանալով կրթօջախի պայմաններին, առօրյա գործունեությանը և զրուցել է ինչպես տնօրինության ու անձնակազմի, այնպես էլ աշակերտների հետ։