AM
12 April 2025 - 11:11 AMT

Միրզոյան․ ՀՀ սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունը Լեռնային Ղարաբաղի պատկանելիության վերաբերյալ որևէ դրույթ չի պարունակում։

«Ես պաշտոնապես ասում եմ՝ ՀՀ սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Միրզոյանը հավելել է նաև․ «Ընդհակառակը, մենք մեր մտահոգություններն ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված, բայց անընդհատ չենք բարձրացնում այդ հարցը, որովհետև համաձայնագրի տեքստում ունենք կոնկրետ դրույթ, որում ասվում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրությունը ՝ սույն համաձայնագիրը չկատարելն արդարացնելու համար»։

Նշվել է, որ «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով քննարկմանը ներկա է եղել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարները։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արձագանքելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, ասել է, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի սահմանադրության մեջ տարածքային պահանջներ ՀՀ նկատմամբ նշված չեն, գրում է ԱՊԱ–ն։

Բայրամովն ասել է, թե առանց ՀՀ սահմանադրության փոփոխությանխաղաղության համաձայնագրի ստորագրումը անտրամաբանական կլինի։ Նրա խոսքով՝ որևէ միջազգային պայմանագիր չի կարող հակասել Սահմանադրությանը, որը երկրի հիմնական օրենքն է։ Այս համատեքստում, նույնիսկ եթե խաղաղության պայմանագրում ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այն իրավական ուժ չի ունենա, քանի որ հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։

Այս առնչությամբ Բայրամովը նշել է, որ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ սահմանադրությունում՝ մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Նա հավելել է, թե ՀՀ սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի, որպես հակամարտության ժառանգ մնացած կառույցի վերացումից հետո այլևս խոչընդոտներ չեն մնա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրելու ու միջպետական հարաբերությունները վերականգնելու համար։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: