AM
14 April 2025 - 06:24 AMT

Ռուբեն Վարդանյանը բանտից փոխանցել է իր կյանքի 7 աքսիոմը

Շինծու գործերով Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել 7 կարևոր աքսիոմ, որոնցով առաջնորդվում է իր կյանքում: Նա խնդրել է հրապարակային դարձնել դրանք, որպեսզի մարդիկ ևս մտածեն դրանց շուրջ.

«Մի հնդիկ փիլիսոփա ասել է, որ անգիտությունը սկիզբ չունի, բայց ունի ավարտ: Լուսավորությունն ունի սկիզբ, բայց այն երբեք չի ավարտվում։ Այնպես որ, պետք է գնալ ոչ թե բառի, այլ իմաստի ետևից։ Ոչ թե ուսուցչի, այլ ուսմունքի ետևից։

Իմ կյանքի ընթացքում ես յոթ աքսիոմ հայտնաբերեցի ու ընդունեցի: Օրենքներ, որոնք ինձ համար ապացուցման կարիք չունեն։ Որոնք դարձել են այն սյունը, որի վրա հիմնվում եմ ես ու կառուցում եմ իմ տունը։ Այդ աքսիոմների շնորհիվ ես այն կառուցում եմ քարի, ոչ թե՝ ավազի վրա։ Ինչպես Հիսուսն էր խրատում Լեռան քարոզում։ Դարեր շարունակ իմաստուններն ու մարգարեները բազմիցս փորձել են մեզ հասցնել այս մտքերը՝ տարբեր լեզուներով, տարբեր բառերով, խորհրդանիշներով, գործողություններով ու կանոններով։

Իմ ոչ լիարժեք 57 տարեկանում ես հասկացա դրանք։ Հասկացա երկար որոնումներից, խոհերից հետո, ինքս իմ հետ, իմ ուսուցիչների և մտերիմների հետ վեճերից ու քննարկումներից հետո։

Նորից ու նորից սեփական փորձով համոզվեցի, որ հնարավոր չէ ինչ-որ բան սովորել՝ պարզապես խելացի գրքեր կարդալով և դրանք անգիր անելով։ Նույն գրքին ես երբեմն վերադառնում էի տասը անգամ՝ ընդամենը մեկ միտք հասկանալու համար։ Հասկանալ իմաստը, այլ ոչ թե բառերը, որոնց տողատակերում այն թաքնված էր։

Միայն այս գրքերն ու մտքերը քո միջով անցկացնելով, քո աշխարհընկալման ու փորձի մեջ ներդնելով, դրանք քո էությունը, ամենօրյա կյանքի բնական վիճակը դարձնելով կարելի է հասնել նրան, որ դրանք դառնան այն հիմքը, որոնց վրա կառուցվում է ամեն ինչ, որոնք հաշվի ես առնում կյանքում ցանկացած որոշում կայացնելիս։ Աքսիոմները, որոնց հասնում ես այդ ճանապարհով, հնարավոր չէ փոխել։

Սեփական աքսիոմները կարող է ունենալ յուրաքանչյուրը։ Դրա համար չկան և չեն կարող լինել սահմանափակումներ և արգելքներ, դրա համար հատուկ թույլտվություններ և հավանություններ պետք չեն։ Նույնիսկ կարդալ և գրել չիմացող մարդը կարող է դա անել, եթե իսկապես ցանկանա։ Եվ կգտնի իր ճանապարհը։

Աքսիոմ առաջին

Մարդկանց միջև տարբերությունները պայմանավորված չեն ոչ մաշկի գույնով, սեռով, ազգային կամ կրոնական պատկանելությամբ, ոչ էլ բարու և չարի բաժանմամբ. ամեն մեկի ներսում գոյություն ունեն և՛ լույսը, և՛ մութը։ Ըստ Վարդանյանի՝ գլխավոր բաժանումը կախված է հավատից՝ Աստծուն վստահողների և նրա գոյությանը չհավատացողների միջև։ Նրանց մեջ մարել է ներքին Աստվածային կայծը, և նրանք դարձել են ամեն ինչի հանդեպ անտարբեր։

Աքսիոմ երկրորդ

Հավերժությանն ամենամոտը ակնթարթն է։ Շնորհակալ պետք է լինել Աստծուն այսօրվա պահի համար, պատրաստ լինել մահվան ցանկացած պահի, ապրել ներկա պահով ՝ սա է իրական կյանքը։ Պետք է հարգել և իմանալ անցյալը, լավատեսորեն նայել ապագային, բայց ապրել՝ ներկայով։

Աքսիոմ երրորդ

Էներգիան, ուժն այն է, ինչ մենք ստանում ենք շրջակա աշխարհից, տիեզերքից՝ թթվածնի, ջրի, սննդի, քնի, աշխարհի հետ շփման միջոցով, մեր գործողությունների, խոսքերի, մտքերի միջոցով։ Մենք տալիս կամ ծախսում ենք այդ եռանդի մի մասը մեր մարմինն առողջ պահելու համար, որպեսզի մեր մեջ չմարի Աստվածային կայծը։ Բայց մենք այն նաև ծախսում ենք սնունդը մարսելու, մեր ցանկությունների բավարարելու կամ պարզապես դատարկ կյանքի, անիմաստ առօրյայի և արտաքին աղմուկի վրա։

Աքսիոմ չորրորդ

Լույսը կյանք է։ Աստված ասաց՝ «Եղիցի լույս»։ Լուսավորելով և՛ մեր, և՛ ուրիշների ճանապարհը, մենք նմանվում ենք էլեկտրական թելի՝ բարակ, փխրուն, որը կարող է ակնթարթորեն այրվել։ Ուստի կարևոր է այդ հավասարակշռությունը պահել այնպես, որ լուսավորենք առաջին հերթին ոչ թե մեզ, այլ մեր շուրջը։ Չկուտակել ոչ մի ավելորդ բան, չդառնալ մեր ցանկությունների ստրուկը, չմնալ մեկ՝ հոգևորի կամ նյութականի կողմում։ Միջին ճանապարհ ընտրելով՝ կարելի է ուղին լուսավոր դարձնել ուրիշների համար՝ առանց խախտելու նուրբ ու դինամիկ հավասարակշռությունը մեր հսկայական աշխարհում, որը մենք միաժամանակ և՛ գիտենք, և՛ չգիտենք։

Աքսիոմ հինգերորդ

Բարին, ինչպես օդը կամ ջուրը, հաճախ մնում է աննկատ, բայց նրա ազդեցությունն անչափելի է։ Բարին հավերժ է և անմահ։ Այն ուժեղանում է, երբ մենք բարի գործ ենք անում՝ ոչինչ չակնկալելով փոխարենը, անանուն, երբեմն նույնիսկ չիմանալով, թե ում ենք օգնում։ Բարին ներդրում չէ։ Եղիր երախտապարտ, մի վերադարձրու նրան, ով քեզ բարիք է արել` պարտքի զգացողությունից ելնելով, այլ որպես էստաֆետային փայտիկ, այն առաջ փոխանցիր։ Այն կվերադառնա և՛ նրանց, ով քեզ բարիք է արել, և՛ քեզ։ Մի՛ մերժիր ոչ մեկի, օգնիր և կիսվիր ամեն ինչով, ինչ ունես։ Ամեն ինչ կվերադառնա։

Աքսիոմ վեցերորդ

Դրախտն այն է, երբ հրաժարվում ես քո ցանկություններից, վախերից, զգացմունքներից, տալիս ես քեզ ամբողջովին և քո ողջ էներգիան՝ բարիք անելու և ուրիշներին լուսավորելու համար։ Այն նման է անտեսանելի ճառագայթման մեր շուրջը։ Եթե այն սպառվի, եթե մենք չպահպանենք այդ հավասարակշռությունը, աշխարհը կանհետանա։ Գլխավոր ռիսկը ոչ թե օզոնային անցքն է, այլ բարու և լույսի անհետացումը։ Այնպես որ, դրախտը քո մասին չէ։ Դա այն մասին է, որ քեզ ամբողջովին նվիրաբերես ուրիշներին և հետո հանգիստ վերադառնաս Հավերժություն։ Երջանկությունը հենց դա է:

Աքսիոմ յոթերորդ

Երջանկությունը սկսվում և ավարտվում է մեր մեջ։ Արտաքին միջավայրը ոչ մի դեր չի խաղում։ Ես երջանիկ եմ եղել և՛ Հնդկական օվկիանոսի շքեղ կղզում, որտեղ միայն մենք էինք ընտանիքով և սպասարկող անձնակազմը, և՛ այստեղի խցում, որտեղ օրական երեք բաժակ ջրից բացի ուրիշ ոչինչ չկա։ Երջանկությունը մեր մեջ է։ Միայն:

Երջանկություն, հավերժություն, էներգիա, լույս և բարիք՝ ահա իմ հենարանները։ Ես կիսվեցի ձեզ հետ այս մտքերով, որպեսզի դուք մտածեք այդ մասին։ Որպեսզի վիճեք ինձ հետ և ինքներդ ձեզ հետ։ Իսկ գլխավորը՝ որպեսզի խելագար կենցաղի և առօրյայի այս աշխարհում ժամանակ հատկացնեք ոչ թե փողին, ոչ թե հաճույքներին, այլ ձեր հոգուն։ Շարունակեք զգալ կյանքը, շարունակեք ժպտալ և ապրել լիարժեք կյանքով»,–ասվում է ուղերձում։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։