ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։ Այդ մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Ես ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացումը և Հայաստանի դիրքորոշումը դրա ստորագրման վերաբերյալ»,–ասվում է գրառման մեջ։
Միրզոյանն Անթալիայում մասնակցել է դիվանագիտական համաժողովին, առանձին հանդիպում ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, մասնակցել պանելային քննարկման՝ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ։