AM
28 May 2009 - 07:32 AMT

«Հայաստան» առագաստանավը Վալենսիա նավահանգստից մեկնում է շուրջերկրյա նավարկության

Այսօր «Հայաստան» առագաստանավն իսպանական Վալենսիա նավահանգստից սփյուռքի ճանապարհներով մեկնում է շուրջերկրյա նավարկության: Վալենսիայում տեղի է ունենալու հանդիսավոր միջոցառում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Վալենսիա քաղաքի եւ մարզի ղեկավարների, Իսպանիայում Հայաստանի դեսպան Մհեր Բադալյանի, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Կերոլայն Կոքսի, հայկական համայնքի եւ լայն հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ:

1991-ին կառուցված առագաստանավի անձնակազմը վերջին կես տարին զբաղվել է նավի վերանորոգմամբ, որը ներկա պահին հագեցած է նավիգացիոն սարքավորումներով եւ փրկարարական միջոցներով:

«Հայաստան» առագաստանավի անձնակազմը. Զորի Բալայան` արշավախմբի ղեկավար, Սամվել Կարապետյան` նավապետ, Արմեն Նազարյան` ավագ օգնական, Հայկ Բադալյան` հերթափոխի պետ, Մուշեղ Բարսեղյան` բոցման, Սամվել Սարգսյան` խոհարար եւ ռադիոինժեներ, Վահագն Մաթեւոսյան` ավագ ղեկակալ:

«Հայաստան» առագաստանավը կանցնի հետեւյալ երթուղով. Գիբրալթար, Ատլանտյան օվկիանոս, Բարբադոս կղզի, Պանամայի ծոց, Խաղաղ օվկիանոս, Հյուսիսյաին Ամերիկա, կրկին Պանամա, Ատլանտյան օվկիանոս, Հարավային Ամերիկա, Հորնի հրվանդան, Խաղաղ օվկիանոս, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Հնդկական օվկիանոս, Ինդոնեզական կղզիներ, Սինգապուր, Հինդուստան թերակղզի, Պարսից ծոց, Կարմիր ծով, Սյուեզի ջրանցք, Միջերկրական ծով: Պաշտոնական ավարտը` Բեյրութի նավահանգիստ, իրավաբանական` Վալենսիա:

«Հայաստանը» կանգ է առնելու միայն մի քանի աշխարհամասային նավահանգիստներում, որտեղ կան մեծ հայկական գաղութներ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է արշավախմբի ղեկավար Զորի Բալայանը եւ ասել. «Նավի ձեռքբերման եւ վերանորոգման համար պետական բյուջեից որ մի լումա չի ծախսվել»: