AM
30 Ապրիլ 2025 - 06:32 AMT

Անդրեի կնոջ գրառման առիթով վարույթ չի նախաձեռնվել

Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի հրապարակման կապակցությամբ քրեական գործի հարուցման որոշում չի կայացվել։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, հայտնում է Factor.am-ը։

«Նկատի ունենալով, որ ԶԼՄ-ներում տեղ գտած՝ Անի Օհանյանի գրառման դեպքով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անի Օհանյանն ու Անդրեյ Հովնանյանը մշտապես բնակվել են ԱՄՆ-ում, իսկ հրապարակմամբ մատնանշված հանգամանքների վերաբերյալ ներկայումս այնտեղ առկա է դատական գործընթաց, հետևաբար՝ քննարկվող հրապարակմանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-179 հոդվածների կարգով ընթացք չի տրվել»,- հայտնել են Դատախազությունից։

Դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ուսումնասիրում է Անի Օհանյանի գրառումը, սակայն պարզվել է՝ իրավական ընթացք չի տրվել։

2024 թվականի վերջում մամուլում շրջանառվել են տեղեկություններ այն մասին, որ երգիչ Անդրեն և երգչուհի Անի Օհանյանը ամուսնալուծվել են։ Երկարատև լռությունից հետո ապրիլին Անի Օհանյանը հրապարակել է գրառում։

«Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի», «նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից:» Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր․․․Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք ,մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար»,- Ինստագրամի իր էջում գրել է երգչուհին։