AM
30 Ապրիլ 2025 - 07:45 AMT

Մետրոյի վագոնները վնասած օտարերկրացիները դատապարտվել են 3 ամսվա ազատազրկման և տուգանքի․ Նրանք հատուցել են վնասը

Երևանի մետրոյի վագոնները վնասած օտարերկրացիները՝ ՌԴ և Լիտվայի քաղաքացիները, հատուցել են վնասը։ Ապրիլի 29–ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմի փաստաբանները տեղեկացրել են դատարանին, որ իրենց պաշտպանյալները լիովին ընդունել են մեղքը, զղջացել են կատարած արարքի համար և ամբողջությամբ փոխհատուցել պատճառած վնասը։ Երևանի մետրոպոլիտենի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ կրած գույքային վնասը վերականգնվել է և այլևս որևէ պահանջ չունեն, հայտնում է Aysor.am-ը։

Հղում անելով ՀՀ քրեական օրենսգրքին դատավորը հայտնել է, որ օտարերկրյա քաղաքցիների նկատմամբ սահմանվել է ազատազրկում 3 ամիս ժամկետով և 1.5 մլն դրամ տուգանք։

Պատիժը կրելուց հետո ՌԴ և Լիտվիայի քաղաքացիները կվտարվեն Հայաստանից և 10 տարի նրանց մուտքն արգելված կլինի, հայտնում է Panorama.am-ը։

2025 թվականի փետրվարի 1-ին ժամը 21:25-ի սահմաններում «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան ուղևորվող գնացքի երկու կայարանի միացնող հատվածում անհայտ անձի կողմից գործադրվել է վթարային արգելակ, ինչի հետևանքով շարժակազմը հարկադրված կանգ է առել։ Դրանից հետո մոտ 8-10 դիմակավորված անձինք, ցատկելով գծերի արգելապատնեշներից, քարերով հարվածել են գնացքին, ինչի արդյունքում ուղևորների շրջանում խուճապ է տարածվել, իսկ հետո ներկով վնասվել են թիվ 0709, 9513 և 0108 վագոնները՝ պատճառելով մոտ 1,500,000 ՀՀ դրամի վնաս «Կարեն Դեմիրճյանի» անվան մետրոպոլիտենին։

ՀՀ քննչական կոմիտեն իրականացված վարույթով պարզել էր, որ միջադեպի մասնակիցներն են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Սավել Դմիտրիի Բիրյուկովը, Նիկիտա Կոնստանտինի Վոլչենկովը, Ստեփան Սերգեյի Սայինը, Գեորգի Գեորգիի Ռադիգինը, ինչպես նաև Լիտվայի քաղաքացի Լուկաս Ռևինսկասը։

Նրանց նկատմամբ հարուցվել էր քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։