Նոր Նորքի թաղապետարանում մայիսի 30–ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։ Այդ մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
«Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)»,–ասվում է գրառման մեջ։
Ըստ Factor.am-ի տեղեկությունների, նրանց թվում ընդգրկված է նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բռնության հետևանքով տուժած ակտիվիստ Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել, սակայն այլ՝ խուլիգանության հոդվածով, յոգուրտով միջադեպի համար։
Բռնության դեպքը տեղի է ունեցել թաղապետարանում հրավիրված հանրային քննարկման մեկնարկից առաջ, երբ բախում է տեղի ունեցել բլոգեր ու ակտիվիստ Արթուր Չախոյանի, թաղապետ Տեր-Մարգարյանի, նրա թիմակիցների և թաղապետարանի աշխատակիցների միջև։
Միջադեպից հետո վեց մասնակից է ձերբակալվել, սակայն նրանց թվում չի եղել Տիգրան Տեր-Մարգարյանը; Չախոյանը, որը նույնպես ձերբակալվել էր, ավելի ուշ ազատ է արձակվել, սակայն դեռևս հիվանդանոցում է։






