ՆԳՆ–ն օրենքի նախագիծ է մշակում, որով նախատեսվում է արգելել ծալովի դանակների վաճառքն անչափահասներին։ Այդ մասին ԱԺ–ում հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին տարիներին անչափահասների ներգրավմամբ և նրանց կողմից սառը զենքով հանցագործությունների կատարման աճին։
«Մշակել ենք նաև օրենսդրական նախաձեռնությունը․ խոսքը վերաբերում է անչափահասներին փականներով տարբեր, փոքր դանակների վաճառքի արգելքի կարգավորմանը։ Հուսով եմ՝ նման արգելքի պարագայում կգնանք ավելի շատ կանխարգելման ուղղությամբ և այս տեսանկյունից էլ արդյունքներ ունենալ», – նշել է նախարարը՝ հավելելով, որ նպատակ ունեն նախագիծը ներկայացնել խորհրդարան մինչև ամառային արձակուրդները, հայտնում է Sputnik Արմենիան։
Նախագծի շրջանակում նաև նախատեսվում է սահմանել արգելված իրերի և առարկաների հստակ ցանկ, որն օգտագործվելու է զննությունների և ստուգումների ժամանակ։ Դա միտված է լինելու այն բանին, որ անչափահասները հստակ պատկերացում կազմեն թույլատրելի և արգելված իրերի մասին։
Նախարար Սարգսյանը հայտնել է նաև, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ նախաձեռնում են դպրոցներում պարբերական ստուգայցեր՝ արգելված իրերի հայտնաբերման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ՆԳՆ քայլերի կողքին մեծ դեր ունեն ծնողները, որոնք նույնպես պետք է ներգրավված լինեն այս հարցում։
Վերջին շրջանում հաճախակի են դարձել դպրոցականների մասնակցությամբ դանակահարության դեպքերը։ Վերջին աղմկահարույց դեպքն ապրիլի 20-ին էր տեղի ունեցել, արյունալի վիճաբանության հետևանքով դպրոցական էր մահացել։






