AM
13 Մայիս 2025 - 12:11 AMT

Փոխվարչապետը քննարկել է «Խաղաղության խաչմերուկի» ծրագիրը եվրոպացի պատվիրակների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը և կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։

Կողմերը կարևորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և մալուխային կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027թթ. համար նախատեսվող միջոցառումներին։

Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։