AM
15 Մայիս 2025 - 06:23 AMT

ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Աբրահամյան համաձայնագրերին միանալու ԱՄՆ առաջարկը

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը արձագանքել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և օգնական Սթիվ Ուիթքոֆի այն հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը և Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան համաձայնագրերին, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ․ ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ», – նշել է Անի Բադալյանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Breitbart կայքին տված հարցազրույցում խոսել էր Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկելիք խաղաղության համաձայնագրի հնարավորության մասին։

«Լիբանանը, Սիրիան և մի շարք այլ երկրներ կարող են միանալ խաղաղության Աբրահամյան համաձայնագրերին»։ Դա կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որոնք, մեր կարծիքով, շատ մոտ են հակամարտության վերջնական կարգավորմանը: Երկուսն էլ, կարծում եմ, հնարավոր է` ցանկություն հայտնեն միանալ Աբրահամյան համաձայնագրերին», – ասել էր Ուիտկոֆը։

«Աբրահամյան համաձայնագրեր» անվանումն է ստացել դիվանագիտական կապերի հաստատումը Իսրայելի և մի շարք արաբական երկրների միջև՝ սկսած 2020 թվականից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում։ Այն սկսվել է Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, հետագայում՝ Սուդանի և Մարոկկոյի հետ համագործակցությամբ։ Կողմերը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ, ճանաչել միմյանց ինքնիշխանությունը և համաձայնեցրել համագործակցության ուղղությունները։ Համաձայնություններն Աբրահամյան են կոչվում, քանի որ առնչվում են 3 կրոնի՝ հուդայականության, քրիստոնեության և իսլամի հետևորդներին։