Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Նոր Նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի համար «պաշտոնն էնքան քաղցր է, որ հրաժարականից հետո էլ շարունակում է պաշտոնավարել»։
Նա հղում է արել թաղապետարանի հրապարակմանը, որտեղ ասվում է, որ «Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այսօր ընդունել է 2025թ. Եվրոպայի առաջնության Հայաստանը ներկայացնող սամբոյի հավաքականի մարզիկներին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի գլխավորությամբ»։
«Սրանց համար պաշտոնը էնքան քաղցր բան է, որ նույնիսկ պաշտոնապես հայտարարելուց հետո, թե դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները, այդ հայտարարությունից հետո շարունակում է պաշտոնավարել՝ աթոռին գամված։
Սա է Արամ Սարգսյանի թալանչի, կոռուպցիոն թիմի իրական դեմքը, որը ժողովրդի աչքերի մեջ նայելով, խաբելով հայտարարում է մի բան, բայց իրականում անում՝ լրիվ այլ բան»,–գրել է նա։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է տվել։ Նա այդ մասին հայտնել է մայիսի 19–ի առավոտյան Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։






