AM
20 Մայիս 2025 - 11:16 AMT

Մանուկյան. Եթե Ալեքսանյանը ներողություն չխնդրի, ես իրավունք ունեմ իրեն որակավորում տալու

Երևանի Ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը ավագանու նիստում անդրադարձել է այն երևույթին, որ նիստի օրակարգեր են բերվում նախագծեր, որոնք հանձնաժաղովում բացասական եզրակացություն են ստանում, բայց նույն ՔՊ-ականները նիստում ստիպված կողմ են քվերակում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է միայն՝ նշելով, որ տվյալ հարցերին արդեն անդրադարձել են, հայտնում է Panorama.am-ը։

Մեսրոպ Մանուկյանն այս պատասխանին հակադարձել է՝ ընդգծելով, որ իր դիտարկումներով գործում են երկակի չափանիշներ։

«Այսինքն դուք փաստում եք, որ երկակի ստանդարտ է գործում, եթե ավագանու ընդդիմադիր անդամը փորձում է ինչ-որ ինֆորմացիա ստանալ, այդ իրավունքը նա չունի։ Սա նաև փաստում են որոշ վարչության պետեր, որ օրինակ Սուրենը Գրիգորյանն ահաբեկված է, ասում է՝ հանկարծ չշփվեք, այդ մարդիկ, որ դիմում են՝ խուսափեք, կամ նամակը, որ գրում են՝ չեն պատասխանում։ Շնորհակալություն, որ այդ ամբողջը դուք հիմնավորեցիք»,–ասել է նա։

Արդեն ամբիոնից իր ելույթում Մեսրոպ Մանուկյանը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունը չունի որդեգրած քաղաքականություն, չունի հաշվարկ։

«10 դրամ, որ պակասում է, դրա փոխարեն մանկապարտեզները չսարքվելու գումարն ո՞ւր է գնում»,-հարցրել է Մանուկյանը։

Նա հավելել է, որ երբ շինարարության երկարաձգման համար հատկացվող գումարները կրճատվում են՝ անհրաժեշտ է իմանալ, թե որքանով է պակասում սպասվող միջոցները, և արդյոք այդ կրճատումները հանգեցնում են մանկապարտեզների չկառուցվելուն կամ թերի կատարմանը։

«Սրա մասին խոսում եմ ոչ միայն ես, այլև իմ Տիկ-Տոկի հավատարիմ հետևորդ Նիկոլ Փաշինյանը, ով մայիսի 15-ին հանձնախումբ է ձևավորել, որպեսզի գան ուսումնասիրեն, թե թքած-կպցրած մանկապարտեզները ինչու են վատ սարքվում։ Բա, ՔՊ-ի ավագանիներ, ձեր գործի անունը ինչ է, որ նախկինները վատ են սարքում, բա գնացեք պարզեք, թե նախկիններից ով կապ ունի, դրա հերն անիծեք։

Այն գումարները, որոնք չեն հավաքագրվում, դրա հետևանքով, օրինակ, մանկապարտեզները ավարտին չեն հասցվում։ Երբ չեք կարողանում հաշվարկել գումարների մուտքերը և ելքերը, դրա արդյունքում մեր երեխաները մանկապարտեզներ չեն հաճախում։ Դրա մասին խոսում են ձեր գործընկերները, և եթե Վահագն Ալեքսանյանը նայելով չտեսնի, որ ես այդ ամենին անդրադարձել եմ, և ներողություն չխնդրի, ապա դրանից հետո արդեն ես լրիվ իրավունք ունեամ իրեն որակավորում տալու»,- ասել է Մանուկյանը՝ թվարկելով որակավորումները՝ «մտածված սուտ խոսել», «շառլատանություն», «դասական ՔՊ-ական»։

Դիմելով Ավինյանին՝ ավագանու ընդդիմադիր անդամը հերթական անգամ հորդորեց ֆինանսական փոփոխոթյուններ պարունակող նախագծերին կից հաշվարկ-հաշվետվություն ներկայացնել։

Բացի այդ, նա նաև մտահոգություն է հայտնել՝ կապված «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի մեքենայի հրկիզման դեպքի հետ՝ շեշտելով, որ նիստի ընթացքում ՔՊ-ականները որևէ արձագանք չեն տվել այդ միջադեպին։