AM
22 Մայիս 2025 - 09:36 AMT

Պապիկյան. Շատերը զրկում են երեխաներին քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ բազմաթիվ ծնողներ զրում են երեխաներին ՀՀ քաղաքացիությունից՝ նպատակ ունենալով խուսափել զինվորական ծառայությունից։ Նա այդ մասին ասել է կառավարության նիստում, որտեղ քննրակվել և հավանություն է ստացել գումարի դիմաց կրճատ ծառայության նախագիծը։

Նախարարի խոսքով՝ խոսքը հազարների մասին է, բայց ինքը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, կոնկրետ թվեր չի նշի, գրում է Aysor.am-ը։

Ըստ Պապիկյանի՝ ներկայումս շրջանառվող կրճատ զինվորական ծառայության վերաբերյալ նախագիծը հնարավորություն է ստեղծում, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր իրենց անվտանգությունից ելնելով տարբեր ուղիներով փորձել են խուսափել ծառայությունից, ստանան հավասար պայմաններ և գոնե կարճաժամկետ ծառայություն անցնեն ՀՀ զինված ուժերում։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ևս ընդգծել է, որ խնդիրը չափազանց զգայուն և կարևոր է։

Պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծով առաջարկվում էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 միլիոն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով, նաև առաջարկում էրպարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։

ՊՆ-ն քննարկել է Սարգսյանի նախաձեռնությունն ու մի քանի փոփոխություններ արել՝ ձևակերպվելով հետևյալ առաջարկությունները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 միլիոն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ»: Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։

Օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո։