AM
26 Մայիս 2025 - 10:50 AMT

ՀԿԵ․ Մեքենավարը նկատել է գծերի վրա կանգնած պատանուն, արգելակել, սակայն բախումը կանխել չի հաջողվել

Մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել ողբերգական միջադեպ՝ Երևան-Գյումրի գնացքի տակ պատանի է ընկել և մահացել:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնել է, որ էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը նկատել է երկաթուղային գծերին կանգնած մի պատանու՝ գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի երթևեկող գնացքը։

«Մեքենավարն անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։

Արտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներտորեն մոտ 380 մետր։ Վարելու ռեժիմի ճշգրիտ տվյալները պարզ կլինեն արագաչափ ժապավենի վերծանումից հետո։ Դեպքի հանգամանքները քննվում են համապատասխան մարմինների կողմից»,–ասվում է ՀԿԵ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ որ երկաթուղային ենթակառուցվածքը բարձր վտանգավորության գոտի է, և քաղաքացիները պետք է խստորեն պահպանեն անվտանգության կանոնները։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն պարբերաբար հիշեցնում է երկաթուղային գծերի հատման կանոնների խախտման հետևանքով առաջացող վտանգների մասին և նախաձեռնում է կրթական ծրագրեր՝ ուղղված անվտանգության պահանջների իրազեկմանը։

ՀԿԵ-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և մի շարք ոլորտային կազմակերպությունների հետ համատեղ, մշակել է «Երեխաների վարքի կանոնները երկաթուղային տրանսպորտում» կրթական ծրագիրը, որի շրջանակում արդեն վերապատրաստվել են մոտ 1000 ուսուցիչ և աշակերտ։ Ծրագրի իրականացումը շարունակվում է։

ՀԿԵ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքի տարածքում, խստորեն պահպանել անվտանգության կանոնները և երկաթուղային գծերը հատել միայն սահմանված վայրերում՝ համոզվելով, որ մոտակայքում գնացք չկա»,-նշվում է հայտարարության մեջ։

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն իր հերթին հայտնել է, որ ժամը 14:39-ին ստացվել է ահազանգ՝ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մերձակայքում պատահած դեպքի վերաբերյալ։ Նշվել է, որ Երևան–Գյումրի երթուղու մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին, ծնված 2009 թվականին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։