Պաշտպանության նախարարությունը չի հաստատել իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի այն պնդումը, ըստ որի՝ խոշոր բիզնես ունեցող ընտանիքների երեխաները հիմնականում չեն զորակոչվում բանակ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել էր, որ մեծամասամբ հսկայական կարողություն ունեցող և հարկատուների առաջին հազարյակում ընդգրկված ընտանիքների երեխաները բանակ չեն զորակոչվում: Նա նշել էր, որ այդ տեղեկությունը ստացել է ՊՆ ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների ընթացքում:
«Պաշտպանության նախարարությունը նման հաշվառում չի իրականացնում։ Այլ տեղեկություններ չունենք», – հայտնել են ՊՆ-ից։
Զինվորական ծառայության մասին նոր օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է կամընտրական մոդել. պարտադիր ծառայությունն անցկացվի ընդամենը մեկ ամիս՝ վճարելով 24 միլիոն դրամ, կամ չորս ամսով՝ վճարելով 18 միլիոն դրամ։ Այս նախագծով նաև սահմանվում է, որ մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար կգանձվի 15 միլիոն դրամ պետական տուրք։ Ըստ նախաձեռնության՝ պարտադիր ծառայության անցնելու առավելագույն տարիքային շեմը կլինի 32 տարեկանը։
Նշված օրինագիծը մայիսի 22-ին ստացել է կառավարության դրական եզրակացությունը, և առաջիկայում այն կքննարկվի Ազգային ժողովում, սակայն օրինագծի քննարկումը ԱԺ հանձնաժողովում, որը կայանալու էր մայիսի 26–ին, հետաձգվել է։






