AM
30 Մայիս 2025 - 13:21 AMT

Գորիսում կանցկացվի ՀՀ–Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը

Հունիսի 2-3-ը Գորիս քաղաքում՝ Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում, անցկացվելու է Հայաստան–Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հերթական՝ 5-րդ, համաժողովի անցկացման վայր է ընտրվել Գորիս քաղաքը՝ հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարևորությունը, Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ընդգրկուն և օրինակելի համագործակցությունը:

Համաժողովին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան ժամանող հյուրերի թվում են քաղաքապետներ, մարզային պատվիրակություններ, խորհրդարանականներ՝ ներառյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի նախագահներ Լորան Վոքիեն և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը:

Հայկական կողմից մասնակցելու են ՀՀ ԱԳ, ՏԿԵ, էկոնոմիկայի, ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզային և քաղաքային այլ հյուրեր:

Հունիսի 2–ին Գորիսում նախատեսվում է Ֆրանսիայի պատվո հյուպատոսության բացում։