Եվրամիությունից բարձրաստիճան պաշտոնյաների այց է սպասվում Հայաստան։ Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ ներկայացվել է 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, հայտնել է Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
Բարձրաստիճան պատվիրակության այցը նախատեսված է հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին, հայտնում է Արմենպրեսը։
«2024 թվականին սկսել ենք Հայաստանի և ԵՄ–ի միջև գործընկերության նոր օրակարգի մշակման փաստաթուղթը, որը, հուսով ենք, որ մոտ ապագայում կկարողանանք ամփոփել»,–ասաց փոխնախարարը։
Նա նշել է նաև, որ մինչև տարվա ավարտն ակնկալվում է փաստաթղթի ամբողջական ստորագրումը, ինչը, ըստ իր գնահատման, համարվում է բավական իրատեսական։
«Այս առումով, կարծում եմ, դրական զարգացումներ կունենանք նաև Եվրամիությունից այս ամսվա վերջին, մյուս ամսվա սկզբին սպասվող բարձրաստիճան այցի շրջանակներում»,–նշել է Կոստանյանը։






