2020-ի 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած 17 հազար ինքնաձիգների մի մասը հայտնաբերվել է, սակայն դրանց մի զգալի հատվածը դեռ անհետ կորած է համարվում:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության ղեկավար գնդապետ Վաչե Հովսեփյանը նշել է, որ pաշտպանության նախարարությունը կարողացել է հայտնաբերել այդ 17 հազար զենքերից զգալի քանակը, իսկ ապօրինի շրջանառության մեջ հայտնվածները հայտնաբերվել են իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում, հայտնում է «Ազատությունը»։
«Այն անձինք, ովքեր հնարավոր է՝ իրենց մոտ պահեն, ովքեր մասնակցել են, ովքեր ստացել են հրազեն, սակայն չեն վերադարձրել, բոլորի տվյալները մշակվել են, նրանց հետ տարվել են թիրախային աշխատանքներ և մի զգալի խմբաքանակ էլ այդ աշխատանքների արդյունքում է հայտնաբերվել», – ասել է Հովսեփյանը:
Այն հարցին, թե դեռ չե՞նք կարող ասել, որ 17 հազարն էլ հայտնաբերված է, նա պատասխանել է. – «Ոչ, չենք կարող ասել»:
2020-ի պատերազմի ընթացքում այդ հազարավոր ինքնաձիգները բաժանվել են քաղաքացիներին՝ վարչապետի որոշմամբ, ինչը հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ընտրական քարոզարշավի ընթացքում։ Ինչո՞ւ պետությունը չի իրականացրել զենքի ամբողջական ետհավաքը՝ շարունակում է մնում անպարզ։
Վերջին տարիներին Հայաստանում գրանցված հրազենի կիրառմամբ հանցագործությունների թվի աճի մասին ահազանգել են նաև ոլորտի պատասխանատուները։ Մասնավորապես՝ միայն 2024 թվականին ՆԳ նախարարի տվյալներով արձանագրվել է 109 հանցագործություն՝ կապված հրազենի օգտագործման հետ, ինչը 15-ով ավելի է 2023 թվականի նույն ցուցանիշից։






