Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մտադիր է դատի տալ «Հրապարակ» թերթին՝ «որ ապացուցվի, որ ընտանեկան և հոգևոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են»։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա հավելել է, որ կաթողիկոսն էլ կարող է իրեն դատի տալ։
«Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ, որ ապացուցվի, որ ընտանեկան եւ հոգեւոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են եւ ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։
Այս առիթով նաեւ պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։
Թող Գարեգին Բ–ն էլ ինձ դատի տա հայտարարված արժեքներին եւ Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։
Հ․Գ․ Հայ առաքելական եկեղեցին մեր սրբությունն է, մեր ինքնությունը։ Չպիտի այլեւս հանդուրժենք այդ սրբությունը պղծողներին։
«Հրապարակը» հոդված է հրապարակել «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերնագրով, որտեղ ասվում է․ «Մենք՝ իր ընտրողները, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից ամուսնական հավատարմության խախտման վերաբերյալ»։
Հոդվածում ասվում է․«Երկրի առաջնորդը պետք է համապատասխանի պահանջների լայն շրջանակի` օրինակ՝ լինի գրագետ, խելացի, շրջահայաց և բարոյական:Այդ իսկ պատճառով դավաճանում է նա կնոջը թե չէ՝ շատ կարևոր է պարզել։ Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են գալիս: Կասեք՝ սա ի՞նչ բամբասանք է, ինչու՞ է լրատվամիջոցը իրեն իրավունք վերապահում նման անհիմն և մերկապարանոց հայտարարություններ անել։ Իհարկե, մենք նման բան չէինք հրապարակի, եթե չլիներ երկրի ղեկավարի արշավը Վեհափառ հայրապետի դեմ, բայց, եթե թիվ մեկ պաշտոնյան կարող է ասել՝ «այսպիսի լուրեր են պտտվում, թող Կաթողիկոսը հերքի», մենք էլ կարող ենք նույն հարցադրումը անել»:






