«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր ելույթը, որով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովում կայացած Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի ընթացքում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակինշ։
Նա իր ելույթում նշել է․ «Այսօր էլ, ինչպես 80 տարի առաջ, մենք բախվում ենք ագրեսիայի և էթնիկ անհանդուրժողականության դրսևորումներին՝ այս անգամ Ադրբեջանի կողմից։ Արցախի հայերը վտարեցին իրենց պատմական հողից։ Դա հարկադրական տեղահանում էր՝ բռնության և ցեղասպանության սպառնալիքի ներքո։ Հայերը ապրել են Արցախում ավելի քան երեք հազար տարի՝ այդ հողը մեր պատմությունն է, մեր արմատները, մեր սրբավայրերը:
Մենք հավատացած ենք, որ երկարատև խաղաղությունը կարող է հիմնված լինել միայն արդար կարգավորման վրա, ոչ թե ցեղասպանության փաստացի արդյունքների։ Ագրեսորի նկատմամբ զիջողական քաղաքականությունը միայն խթանում է նրա ագահությունը։ Ցավոք, հենց դա է անում այսօր Հայաստանի իշխանությունը»։
Նա իր խոսքում անդրադարձել է նաև հայաստանյան հեռուստաեթերում Հայրենական պատերազմի վերաբերյալ պատմության աղավաղումներին՝ ասելով. «Ցավոք, Հայրենական պատերազմի պատմական ճշմարտությունը աղավաղվում է նաև Հայաստանում՝ պաշտոնատար անձանց կողմից՝ հասարակական հեռուստատեսության եթերում։ Մենք խստորեն դատապարտում ենք այդ ամոթալի գործողությունները և վստահ ենք՝ դրանք դատապարտված են ձախողման»։
Օհանյանն ընդգծել է մայիսի 9-ի կարևորությունը հայ ժողովրդի պատմության մեջ՝ շեշտելով եռակի հաղթանակի խորհուրդը՝ նացիզմի դեմ հաղթանակ, Շուշիի ազատագրում և Արցախի Պաշտպանական բանակի ձևավորում։ Նա փաստել է, որ այսօր էլ վտանգներն ակնհայտ են։
Օհանյանը դատապարտել է Ադրբեջանում տեղի ունեցող դատավարությունները հայ գերիների և Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ՝ հայտարարելով:
«Արդար խաղաղությանը և տարածաշրջանային կայունությանը չեն նպաստում նաև Բաքվում հայ գերիների և Արցախի օրինական ղեկավարության դեմ շարունակվող խայտառակ դատավարությունները։ Բոլորին էլ հասկանալի է, որ նրանց ներկայացված մեղադրանքները կեղծ են, իսկ տեղի ունեցողը՝ քաղաքական հաշվեհարդար։
21-րդ դարում մենք ականատես ենք դառնում Արցախի մշակութային ցեղասպանությանը՝ ոչնչացվում են հայկական եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, ինչպես նաև Հայրենական պատերազմին նվիրված հուշարձաններ։ Այս ամենը արվում է մեկ նպատակով՝ ջնջելու հայկական ներկայության հետքերը Արցախում և վերստեղծելու այդ ժողովրդի քրիստոնեական պատմությունը»,-նշել է նա
Նիստի վերջում Օհանյանն ընդգծել է, որ անցյալի սխալները չկրկնելու համար անհրաժեշտ է վճռական դիրքորոշում։
«Ահա թե ինչու այս նիստում հատկապես կարևոր է շեշտել, որ որպես Հաղթանակի ժառանգներ՝ մենք պարտավոր ենք ոչ միայն պահպանել դրա հիշատակն ու արժեքները, այլև վճռականորեն հանդես գալ նոր բռնությունների և պատմության կեղծման դեմ։ Լռությունն ու անգործությունը անթույլատրելի են. նման պահվածքն է, որ ժամանակին սնուցեց նացիզմը»։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։






