Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Նիսում՝ ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակում։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության ընթացքը, մասնավորապես՝ միջուկային էներգիայի անվտանգ կիրառմանն ուղղված անընդմեջ նախաձեռնությունները, ինչպես նաև միջուկային գիտության ու տեխնոլոգիաների զարգացման ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործումը։
Քննարկվել են նաև Հայաստանի կառավարության առաջնահերթ ուղղությունները ատոմային էներգիայի ոլորտում և այդ համատեքստում՝ միջազգային գործընկերների հետ ձևավորված գործակցությունը։
Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նպատակով իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում կհստակեցվի դրա մոդելը՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի էներգահամակարգի առանձնահատկությունները, այնպես էլ հզորության և ֆինանսավորման կառուցվածքի հարցերը։ Այդ մասին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:






