Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը արձագանքել է ԶԼՄ-ներից մեկում հրապարակված սահմանազատման վերաբերյալ նյութին՝ այն անվանելով «ամբողջապես սուտ»։
Նշվում է, որ սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակում
«Hraparak կայքում հունիսի 10-ին հրապարակված «Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու ևս 180 ք/կմ» խորագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջապես սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։






