«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում (Beijing Normal University)։
Հիմնադրամից փոխանցել են, որ երկամյա այս ծրագիրը անցացվում է անգլերենով և ներառում է չինական փիլիսոփայական հոսանքների, բարոյագիտության ու քաղաքական մտքի համապարփակ վերլուծություն, հայտնում է Արմենպրեսը։
«Հերթական այցի ժամանակ, երբ գտնվում էի Չինաստանում ու տեսնում էի՝ ինչպես են մարդիկ ապրում այդ հզոր պետությունում, մտածեցի, որ մեր շատ խնդիրների պատճառը կրթական է»,– նշել է Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» շարժման մի քանի հանդիպումների ժամանակ։
Ստացած տպավորություններից դրդված՝ Աննա Հակոբյանն անցյալ տարի սկսել է «Կրթվելը նորաձև է» շարժումը, որը ներկայումս ունի մոտ 8000 մասնակից և արդեն ընդգրկել է Հայաստանի 19 համայնք։
«Այս շարժման նպատակն է խթանել անդադար կրթության գաղափարը՝ հասանելի դարձնելով այն«Ակադեմիական կյանքում տարիների դադարից հետո բարձրագույն կրթությունը շարունակելով Չինաստանում՝ Հակոբյանը նաև օրինակ է ծառայում։ Նրա համոզմամբ` մարդը պետք է մշտապես բաց լինի գլոբալ փորձի առջև, և, այն տեղայնացնելով, ծառայեցնի հանրային ընդհանուր զարգացմանը։
Պեկինում Աննա Հակոբյանը կուսումնասիրի չինական փիլիսոփայության հիմնաքարային ուղղությունները, այդ թվում՝ կոնֆուցիոսականություն (Confucianism), դաոսականություն (Daoism), չինական քաղաքական փիլիսոփայություն, չինական բարոյագիտություն և այլն:
Երբ փետրվարին սկսվեցին ընդունելության փուլերը` այդ թվում և հարցազրույցի հատվածը, պրոֆեսորադասախոսական կազմը հենց առաջին իսկ հարցազրույցից շատ տպավորվեց տիկին Աննա Հակոբյանի կրթվելու ձգտումով, իր պատասխաններով ու նպատակներով: Նրանց ջերմ խոսքերն ու բարձր գնահատականը էլ ավելի են պարտավորեցնում տիկին Հակոբյանին լավագույնս ուսանել և իր կրթությունը ծառայեցնել համընդհանուր նպատակի:
Աննա Հակոբյանի այս նախաձեռնությունն ամրապնդում է Հայաստան–Չինաստան բազմամյա բարեկամությունը։ Չինաստանը և Հայաստանը հին քաղաքակրթություններ են՝ խորքային փիլիսոփայական և մշակութային ընդհանրություններով։ Աննա Հակոբյանի մագիստրոսական կրթությունը Չինաստանում միաժամանակ կարող է ծառայել որպես երկխոսության հարթակ՝ փոխադարձ հարգանքի, մշակութային փորձի փոխանակման և համագործակցության ամրապնդման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ի աջակցություն «Կրթվելը նորաձև է» շարժման՝ «Իմ քայլը» հիմնադրամը շուտով կհայտարարի նոր ծրագրի մասին: Ծրագիրը նախատեսված է լինելու այն մարդկանց համար, ովքեր կյանքի բերումով, տարբեր պատճառներով կրթությունը որևէ մակարդակում կիսատ են թողել, բայց այսօր պատրաստ են շարունակել իրենց ուսումը` գնալով իրենց երազանքի հետևից։ Ծրագրի շրջանակում հիմնադրամը կտրամադրի ֆինանսական ու խորհրդատվական աջակցություն բոլոր ցանկացողներին՝ ևս մեկ անգամ հաստատելով` կրթվելը նորաձև է։






