Ճամբարակում հունիսի 11–ի առավոտյան տեղի ունեցած պայթյունից զոհերի թիվը հասել է 3-ի։ Հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական շարունակվող աշխատանքների արդյունքում փլատակներից հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ Ճամբարակում շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում գազ է պայթել, արդյունքում փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները, մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարանները: Կան տուժածներ, որոնք հոսպիտալացվել են։
Պայթյունի հետևանքներով պայմանավորված՝ մարզպետ Կարեն Սարգսյանը հրավիրել է շտապ խորհրդակցություն հենց Ճամբարակում։
Մարզպետը հանձնարարել է ձևավորել մի խումբ, որը կգնահատի առաջացած կարիքները։
Մարզպետարանի փոխանցմամբ՝ տրվել են նաև հանձնարարականներ՝ մարզի բուժհաստատություններից ներգրավել լրացուցիչ բուժանձնակազմ և շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև անհրաժեշտ շինարարական տեխնիկա՝ փրկարարական և վերականգնման աշխատանքներին աջակցելու նպատակով։
Հունիսի 11-ին, ժամը 08:34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն է հաղորդում ստացվել, ըստ որի՝ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկվել է հրդեհ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու խումբ՝ կինոլոգների ուղեկցությամբ։






