Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հաստատել է, որ օրեր առաջ մոլորված երկու պատանիները չէին հատել Հայաստանի պետական սահմանը։
Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս էր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում, որ բանակցում են նրանց հայրենիք վերադարձնելու համար, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Ղուկասյանն ասել է՝ հենց դրա համար հաջորդ օրը հերքեցին նախօրեին իրենց տարածած տեղեկությունը, հայտնում է «Ազատությունը»։
Հունիսի 6-ին ԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից երկու անչափահաս մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Ավելի ուշ նույն օրը տեղեկացրել են, որ նրանք արդեն հայտնաբերվել են և գտնվում են Հայաստանում։ Հաղորդագրության մեջ նաև նշվում էր՝ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ:
ԱԱԾ-ն ավելի ուշ հրապարակել էր ևս մեկ հաղորդագրություն՝ հայտարարելով, որ Տեղ համայնքի երկու անչափահասի՝ ադրբեջանցիների կողմից առևանգվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։






