հունիսի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհետտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստը սկսվել է Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աբազյանի բացման խոսքով: Նա ներկայացրել է նիստին նախորդող ժամանակահատվածում իրականացրած հանդիպումների արդյունքները՝ վերահաստատելով Հանձնաժողովի հանձնառությունը՝ շարունակելու անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ համալիր և համակարգված աշխատանքը:
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Հանձնաժողովին ներկայացրել են անհետ կորելու հանգամանքների վերաբերյալ Կոմիտեում կատարվող քննության արդյունքները:
Այնուհետև քննարկումներ են ծավալվել Հանձնաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:
Նիստի ավարտին Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աբազյանը հույս է հայտնել, որ համատեղ և համակարգված աշխատանքը կբերի շոշափելի արդյունքի՝ ուղղված անհետտ կորած անձանց ճակատագրերի պարզմանը:
Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է մոտ 200 հայ զինվոր։ Հայաստանը 44–օրյայից հետո Ադրբեջանին է փոխանցել 51 ադրբեջանցիների մարմին, ինչպես նաև 1990-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր։






