AM
11 Հունիս 2025 - 14:52 AMT

Երևանի ավտոբուսներում ներդրվել է չվճարող ուղևորներին գրանցող համակարգ

Երևանի քաղաքապետարանն արդեն տեխնիկական հնարավորություններ ունի արձանագրելու, թե ուղևորներից ով չի վճարում տրանսպորտի ուղեվարձը։ Այդ մասին 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանի խոսքով՝ ներկայումս ուղևորների մոտ 80 տոկոսը կարգապահորեն վճարում է ուղեվարձը, սակայն որոշ քաղաքացիներ անտեսում են այն հանգամանքը, որ առանց վճարման հանրային տրանսպորտը չի կարող լիարժեք գործել։ Նրա խոսքով՝ այդ անձանց հետաքրքրում է միայն՝ արդյոք իրենք պատասխանատվության կենթարկվեն, թե ոչ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Բայց ավտոբուսներում և դռների վրա արդեն ունենք ոչ միայն տեսախցիկներ, այլ նաև համակարգ, որը թույլ է տալիս արձանագրել, թե ով է փորձում վճարում կատարել չգործող քարտով կամ QR-կոդով»,- ասել է Ավինյանը։

Նա նշել է, որ որոշակի վալիդատորների խափանումներ գրանցվել են, բայց դրանք համեմատաբար հազվադեպ են։

Քաղաքապետը հստակ չի նշել, թե երբ է նախատեսվում սկսել տուգանքների կիրառումը կամ հատուկ հսկիչների ծառայության ձևավորումը՝ հիմնվելով նոր համակարգի վրա։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն ասել էր, որ Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների արդյունքում թերհավաքագրումներ են եղել, ինչի հետևանքով հնարավոր չէ գնել նախատեսված շարժակազմի մեծ մասը։ Նրա խոսքով՝ նախատեսված էր գնել 45 տրոլեյբուսներ, որոնցից 30-ը հնարավոր չի լինի գնել, քանի որ գումար չկա։