Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հարցազրույցում, որը տվել է ավելի վաղ, քան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Վեհարանն ազատելու» մտադրության մասին, հայտարարել էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը նախատեսում է հրավիրել Ազգային եկեղեցական ժողով:
«Վեհափառ հայրապետը ապագայում ծրագրել է, որ պետք է տեղի ունենա Ազգային եկեղեցական»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։
Սրբազանը հայտնել է, որ ժողովը ոչ հեռու ապագայում է նախատեսվում հրավիրել, թեև այս պահին դեռ ժամկետներ չկան։
«Ժողովին հայ եկեղեցուն վերաբերող կարևոր հարցեր պետք է քննարկվեն»,-ասել է սրբազանը։
«Հասկացե՛ք, խոսում եք 1700-ամյա կառույցի մասին, որի կարգերը սրբագործված են, որևէ անհատ չի կարող, անկախ հանգամանքից, որևէ բան խախտել կամ փոխել։ Եթե մենք ուզում ենք ավելի պայծառացնել եկեղեցին՝ կա ճանապարհ՝ դա Ազգային եկեղեցական ժողովն է, դրան հասնելու ճանապարհներ էլ կան»,–ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։






