Ճամբարակում պայթյունի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, 1958 թ. ծնված տղամարդը մահացել է։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը, հայտնում է 1lurer.am-ը։
«Մյուս երկու տուժածները շարունակում են բժիշկների հսկողության տակ լինել, վիճակները՝ միջին ծանրության: Ճամբարակի բուժհաստատություն տեղափոխված 7 հիվանդից 3-ը դուրս է գրվել, 4-ը դեռ բժիշկների հսկողության տակ է»,- ասել է Ծատրյանը։
Այդպիսով պայթյունից զոհերի ընդհանուր թիվը հասել է 6–ի։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ճամբարակի շենքերից մեկի բնակարանում տեղի ունեցած պայթյունից առաջացել է հրդեհ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլուզման են ենթարկվել այդ շենքի 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկերի բնակարանները, իսկ հարևան մուտքի որոշ բնակարաններ մասնակիորեն փլուզվել են։
Ճամբարակի պայթյունի դեպքով Քննչական կոմիտեն հարուցել է քրեական վարույթ։






