AM
16 Հունիս 2025 - 15:48 AMT

Վեհափառը սրբազան Աջով օրհնել է հոգևոր դասին և ներկա ժողովրդին

Հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշանավորել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնը։

Տոնական օրը համընկել է նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրվա հետ, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Առավոտյան ժամերին եկեղեցականների թափորը, հավատացյալներով ուղեկցված, Սուրբ Էջմիածնից շարժվել է դեպի Սուրբ Հռիփսիմե վանք՝ Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների հնչյունների ուղեկցությամբ՝ իրենց հետ տանելով սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները։

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան Աջով օրհնել է հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին՝ այն փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանին։

Երբ թափորը հասել է Սուրբ Հռիփսիմե վանքի տարածք, նրանց դիմավորել են վանքի հոգևոր սպասավորները, ինչպես նաև բազմաթիվ ուխտավորներ, որոնք ժամանել են տարբեր բնակավայրերից՝ առաջնորդությամբ Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի։

Տոնի առիթով Սուրբ Հռիփսիմե վանքում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագը կատարել է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ․ Շնորհք վարդապետ Տոնիկյանը։

Պատարագին ներկա են գտնվել Մայր Աթոռի միաբանները և բազմաթիվ հավատացյալ ուխտավորներ։

Իր քարոզի ընթացքում պատարագիչ Հայր Սուրբը անդրադարձել է տոնի խորհուրդին՝ կոչ ուղղելով հավատացյալներին հետևել սուրբ Հռիփսիմյանց նահատակ կույսերի օրինակին, որոնք Աստծու հանդեպ իրենց անսասան հավատքով և հույսով հաղթահարել են բոլոր գայթակղություններն ու փորձությունները, նույնիսկ մահը՝ հավատարիմ մնալով իրենց քրիստոնեական ուխտին։

Քարոզի ավարտին Հայր Շնորհքը հորդորել է ժողովրդին իրենց աղոթքներում դիմել սրբուհու բարեխոսությանը՝ հավատքի մեջ զորանալու և մշտապես ամուր ու շեն պահելու հայոց սրբատեղիները։

Պատարագի ավարտին, Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի հանդիսապետությամբ, սրբուհու մասունքակիր Աջով կատարվել է Անդաստանի կարգ։