Երևանում և ՀՀ մի շարք մարզերում իրականացված ձերբակալությունների վերաբերյալ սոցիալական ցանցերում ու զանգվածային լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները մշտադիտարկման արդյունքում հայտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։
Ինչպես նշվում է ՄԻՊ աշխատակազմի հայտարարությունում, Պաշտպանի հանձնարարությամբ ստացված տեղեկությունները հընթացս ուսումնասիրվում են՝ պարզելու համար ազատությունից զրկված անձանց իրավունքների հնարավոր խախտումները։ Արդյունքների հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:
«Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ անձին ազատությունից զրկելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներն ու նշված ինստիտուտի հիմքում ընկած տրամաբանությունը՝ առաջնորդվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ ներպետական դատական ատյանների համապատասխան իրավական դիրքորոշումներով՝ բացառելով հիմքերի բացակայության դեպքում անձին ազատությունից զրկելու պրակտիկան»,-ասվում է հայտարարության մեջ։
Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերի շրջանակում բարձրացված է նաև այն խնդիրը, որ ազատությունից զրկված որոշ անձանց տեղափոխման վայրը նրանց հարազատներին հայտնի չէ, ինչն առաջացրել է իրավական մտահոգություններ։
Հեռախոսային ահազանգերը շարունակվում են ստացվել նաև այն մասին, որ դեռևս հունիսի 18-ից մի շարք տրանսպորտային միջոցներ մնում են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում։ Պաշտպանը, ինչպես նշվում է հայտարարությունում, բազմիցս է անդրադարձել այդ հարցին՝ այդ թվում նաև իր տարեկան զեկույցներում։
Համապատասխան մարմիններից Պաշտպանը պահանջել է ներկայացնել պարզաբանումներ վերոնշյալ դեպքերի վերաբերյալ, և դրանց ուսումնասիրությունից հետո պատրաստվում է հրապարակել իր պաշտոնական դիրքորոշումը։
«Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես է անդրադառնում վերոնշյալ խնդիրին, այդ թվում` տարեկան հաղորդումներում։ Նշված դեպքերով Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել իրավասու պետական մարմնից և դրանց վերլուծության արդյունքում կներկայացնի խնդրի առնչությամբ իր դիրքորոշումը: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք կարող են բերման ենթարկվել և արգելանքի տակ դրվել բացառապես համապատասխան իրավական հիմքերի առկայությամբ և դրանք քաղաքացիներին ներկայացնելով, իսկ տևական ժամանակ անհիմն կամ ծրագրային, տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ օրինական տիրապետողին տրանսպորտային միջոցը չվերադարձնելը կարող է խնդրահարույց իրավիճակներ ձևավորել մարդու իրավունքների տեսանկյունից»,- ասվում է հայտարարության մեջ։
Պաշտպանը կարևորել է, որպեսզի խստորեն պահպանվեն տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու և արգելանքի տակ դնելու համար օրենքով նախատեսված պահանջները։
Հունիսի 18–ին բերման են ենթարկվել «Սրբազան պայքարի» և ՀՅԴ տասնյակ կողմնակիցներ։ ՆԳՆ ոստիկանությունը, արձագանքելով ԶԼՄ-ների հարցումներին, հայտնել է, որ «օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ»։






