AM
21 Հունիս 2025 - 10:39 AMT

Փաշինյան. Երևանում 2026-ին նախատեսված գագաթաժողովը կանցկացվի նաև Թուրքիայի աջակցությամբ

Երևանում 2026 թ. նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովն անցկացվելու է այդ թվում Թուրքիայի աջակցությամբ։ Այս մասին հատարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը` նշելով, որ պատրաստվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Հայաստան` մասնակցելու այդ միջոցառմանը։

Նա նաև նշել է, որ իր ղեկավարած իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունները պայմանականորեն սկսել է զրոյական կետից, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այնպես չէ, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև շփումներ տեղի չեն ունեցել. այդ շփումները եղել, թեև ոչ այս ինտենսիվությամբ, սակայն դրանք եղել են թե՛ 1990–ականների սկզբին, թե՛ 2000–ականներին։ Քանի որ դրանք հետագա զարգացում չեն ունեցել, մենք հիմա, թեկուզ և դիվանագիտական հարաբերություններ չունենք, սահմանները բաց չեն, սակայն միջինացված զրոյական մի կետի կամ մեկնարկային միջակայքում ենք գտնվում։ Նոր հարաբերություններ և օրակարգ հաստատելու մասին է այս ամենը»,– ընդգծել է նա։

Ըստ նրա` վերջին շրջանում Թուրքիայի հետ հարաբերություններում առաջին հայացքից ոչ շատ շոշափելի, սակայն, իր կարծիքով, շատ էական բան է փոխվել, քանի որ եթե մի քանի տարի առաջ Թուրքիայի կամ մեր դիրքորոշումները` բացի հրապարակային հայտարարություններից, պետք է երկուստեք պարզեինք 3–րդ երկրների միջոցով, ապա հիմա Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, որը կարևոր է այն իմաստով, կարող ենք որոշակի օրակարգեր ձևավորել։

«Լավ հնարավորություն է, որ ՀՀ դիրքորոշումների ու նրբությունների առանձնահատկությունները և լուծումների մասին պատկերացումները կարող ենք ամբողջական ներկայացնել Թուրքիայի մեր գործընկերներին, որը որոշոակի ազդեցություն կունենա իրադարձությունների հետագա զարգացման վրա ու նոր խթան կտա ՀՀ–Թուրքիա հարաբերություններին»,– ընդգծել է Փաշինյանը։

Փաշինյանը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ Այդ այցի օրակարգը նախապես չէր հրապարակվել՝ կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ, ինչը նաև հայտարարվել էր վարչապետի կողմից։ Nա Ստամբուլում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։