AM
21 Հունիս 2025 - 12:02 AMT

Լրագրողական ՀԿ-ները պահանջում են դադարեցնել հեռահաղորդակցային գործակցությունը ՌԴ-ի հետ

Մի շարք լրագրողական ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից` խզել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը։

Պատճառը հունիսի 18-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի հեղինակ-վարողի հերթական վիրավորական արտահայտություններն են ՀՀ իշխանությունների, պետության ու ժողովրդի հասցեին։

«Եթե հաշվի առնենք վերոհիշյալ հեռուստաընկերության պետական կարգավիճակը և այն, որ Վլադիմիր Սոլովյովը փաստացի Կրեմլի կարկառուն քարոզիչներից մեկն է, ապա կարելի է եզրակացնել, որ նա արտահայտել է Ռուսաստանի իշխանական ատյաններում առկա դիրքորոշումը, որը հետագա օրերին որևէ կերպ չի հերքվել։ Ավելին՝ նույն առիթով նմանատիպ տեսակետներ են հայտնել նաև իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորներ և Կրեմլի տրամադրությունները տարածող փորձագետներ։

Այսպիսով, ևս մեկ անգամ ակնհայտ է դառնում, որ ռուսաստանյան իշխանություններին մոտ կանգնած շրջանակները և մեդիա ռեսուրսները ջանում են ակտիվորեն միջամտել Հայաստանի հասարակական-քաղաքական և նույնիսկ իրավական գործընթացներին՝ փորձելով ներազդել մեր երկրի ներքին իրավիճակի վրա գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Հայտնի է, որ վերջին տարիներին արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ ռուսական լրատվամիջոցները, այդ թվում՝ ՀՀ տարածքում հեռարձակվող ՌԴ պետական հեռուստաընկերությունը, խախտելով օրենսդրական և մասնագիտական տարրական պահանջները, տարածել են ապատեղեկատվություն, կեղծ լուրեր, ատելություն և խտրականություն պարունակող բովանդակություն, ակնհայտ վիրավորանք Հայաստանի հասցեին։ Այդ դատապարտելի արշավի առաջամարտիկներից եղել և մնում է վերոհիշյալ Սոլովյովը՝ իր կողմից հրավիրվող «փորձագետներով» հանդերձ։ Դա է պատճառը, որ նրա հաղորդումներն արգելափակվել են ՀՀ հանրային մուլտիպլեքսում, և նույնիսկ հայ-ռուսական միջգերատեսչական բանակցությունների արդյունքում այդ որոշումը չի վերանայվել։ Նման խնդիրներ են առաջացել նաև Հայաստանում գործող ռուսական այլ լրատվամիջոցների հետ։

Քանի որ նախկինում կիրառված սահմանափակումներն ակնհայտորեն բավարար չեն եղել Մոսկվայի որոշում կայացնողների վրա ազդելու համար, ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպությունները պահանջում են․

խզել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչի համար կուտակվել են բազմաթիվ հիմնավորումներ, և այդ քայլով իսկ դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ հանրային մուլտիպլեքսով,

անհրաժեշտ այլ միջոցառումներ ձեռնարկել և համապատասխան քննարկումներ կազմակերպել փորձագիտական հանրության հետ՝ Հայաստանի տեղեկատվական միջավայրը օտարերկրյա հիբրիդային ազդեցությունից պաշտպանելու նպատակով։

Հայտարարությանը միացել են հետևյալ կազմակերպությունները՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երևանի մամուլի ակումբ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան, Լրագրողների «Ասպարեզ» ակումբ, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ և Գորիսի մամուլի ակումբ։

Սոլովյովը, վրդովվելով Երևանում ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալման փաստից, ՀՀ իշխանություններին և մասնավորապես վարչապետին անվանել է սրիկա, ծախու, «թուրքոլ» (թուրքամետ) և տարակուսել, թե՝ «Հայաստանի ժողովուրդը որևէ մասնակցություն ունի՞ երկրի ճակատագրին վերաբերող հարցերին, թե՞ շուտով Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին․․․»։