ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում կնքել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է խթանել փորձի փոխանակումն ու համատեղ նախաձեռնությունները՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ներառման ապահովմանը։
Փաստաթղթով առանձնացված է սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև միջազգային փոխգործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։ Երկու կողմերն ընդգծել են իրենց հավատարմությունը՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին։
Ըստ հուշագրի, համագործակցությունն ընդգրկում է մի շարք ոլորտներ, ներառյալ՝
- հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու մատուցվող ծառայությունները,
- օրենսդրական փոփոխությունների իրականացումը,
- ներառական աշխատաշուկայի խթանումը,
- անկախ կյանքի հնարավորությունների ընդլայնումն ու սոցիալական երաշխիքների մեխանիզմների կատարելագործումը։
Գործակցությունը կիրականացվի հետևյալ ձևաչափերով՝
- համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի մշակում,
- փորձի փոխանակման նպատակով ծրագրերի իրականացում,
- տարբեր հանդիպումների, համաժողովների, հետազոտությունների և ոլորտային քննարկումների կազմակերպում։
Երկու նախարարներն էլ փաստաթղթի ստորագրումը գնահատել են որպես էական առաջընթաց՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներգրավվածության և հավասար հնարավորությունների երաշխավորմանը։






