ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ և Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ բոլոր «իրական ընդդիմադիր ուժերը պետք է հաշվարկված քայլերով, առանց էմոցիաներին տրվելու իրականացնեն ազգային դիմադրության կազմակերպման աշխատանքները՝ տեղի չտալով որևէ ճնշման»։
«Այլասերված տականքների իշխանության պայմաններում դժվար է քաղաքական խոսք ասել, բայց, այդուհանդերձ, կա մի հարցադրում, որին պետք է պատասխանել։ Ի վերջո, ինչո՞ւ են սա անում, ո՞րն է սրա նպատակը։
Հիմնական պատճառները, կարծում եմ, մի քանիսն են.
ա) առաջիկա բռնաճնշումների և ձերբակալությունների համար պարարտ հողի նախապատրաստում։ Սա առաջին անգամը չէ, որ վարչախմբի ղեկավարը փորձում է ներկայանալ հալյածյալի ու զոհի կարգավիճակով։ Նույնը նա արել է 2020 թ. նոյեմբերին՝ հայտարարելով, թե, իբր իր նկատմամբ մահափորձ է պատրաստվում։ Նույն գործելաոճն է եղել Դիմադրության շարժման, Սրբազան պայքարի ժամանակ։ Այնպես որ, սա նորություն չէ։ Նպատակը մեկն է՝ պետությանը և ժողովրդին պաշտպանելու քողի տակ բռնաճնշումների ու ապօրինությունների նոր ալիքի նախաձեռնում սեփական իշխանությունը պահելու համար,
բ) ոչ պակաս կարևոր է, սակայն, այս արշավի ձևը։ Այլանդակ վարքագծով և խոսույթով հանրությանը ուղերձ է հղում, որ քաղաքականությունն անբարոյականություն է։ Քաղաքական խոսույթն իջեցնելով այս մակարդակի և բոլորին այս խոսույթի մասնակիցը դարձնելով, նրանք ուզում են ասել՝ բոլորը՝ հոգևորականից մինչև գործարար, նույնն են։ Հանրության լայն շերտերին սրանով փորձ է արվում հեռու պահել քաղաքական գործընթացներից՝ մի կողմից վախ ներշնչելով, մյուս կողմից անսահման զզվանք առաջացնելով։ Իսկ անտարբերությունը պետք է միայն վարչախմբին,
գ) երկրի ներսում փորձում է ձևավորել թշնամական բևեռ, ատելության խոսքով՝ մոբիլիզացնել իր աջակիցներին ու թիմակիցներին։ Միաժամանակ, հարվածելով այն թիրախներին, որոնք խնդրահարույց են Ադրբեջանի և Թուրքիայի համար, փորձում է ստանալ նաև այս ուժերի օգնությունը ներսում ազգային դիմադրությունը ոչնչացնելու նպատակով։
Այս իրավիճակում դաշտի բոլոր իրական ընդդիմադիր ուժերը պետք է հաշվարկված քայլերով, առանց էմոցիաներին տրվելու իրականացնեն ազգային դիմադրության կազմակերպման աշխատանքները՝ տեղի չտալով որևէ ճնշման»,–ասվում է գրառման մեջ։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։






