Հունիսի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը հայտարարությամբ է հանդես եկել՝ խոր մտահոգություն հայտնելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։
Նշվում է, որ Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով «հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին և հորդորում է պատկան մարմիններին չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը»։
«Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ ՀՀ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին։
Դատապարտելի է նաև հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը, ինչն ամբողջապես տեղավորվում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում»,–ասվում է հայտարարության մեջ։
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է։ Քննչական կոմիտեն տվյալ գործով դատարան է ներկայացրել 16 անձանց կալանավորելու միջնորդություն։ Դատարանը բավարարել է նրանցից 9-ի կալանավորման պահանջը, մեկ անձի վերաբերյալ միջնորդության քննարկումը կայացել է, սակայն որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին։ Մնացած միջնորդությունները նույնպես նախատեսվում է քննության առնել հունիսի 26-ին։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:






