AM
27 Հունիս 2025 - 07:47 AMT

Հայր Ասողիկ․ Սբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ մեր դիակը՝ բոլորս Մայր Աթոռում ենք

Հայր Ասողիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի ամբողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու. բոլորը Մայր Աթոռում են:

«Սիրելիներ, Հայաստանի ողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու. բոլորս Մայր Աթոռում ենք:

Եկել են Մայր Աթոռ. Սուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ մեր դիակը»,–գրել է նա։

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են քննիչի որոշում, ըստ որի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը ենթակա է ձերբակալման՝ կալանավորման միջնորդությամբ ներկայացվելու նպատակով, հայտնում է Panorama.am-ը։

Նա հստակեցրել է, որ այս քրեական գործի հիմքում ընկած են 2024 թվականին տրված հարցազրույցներից մեկում Միքայել Սրբազանի արտահայտած մտքերը։

«Ակնհայտ է, որ սա կատարվում է հակաեկեղացական գործողությունների շրջանակում։ Մեր գնահատամամաբ, սա ապօրինի հետապնդում է՝ հաշվի առնելով վերջին զարգացումները»,-ասել է Զոհրաբյանը՝ ներկայացնելով հետագա իրավական ընթացակարգերը։

Զոհրաբյանը նաև տեղեկացրել է, որ ձևավորվել է փաստաբանների խումբ՝ հետագա քայլերը համակարգելու նպատակով։

Քահանաներն արձագանքել են իրավիճակին՝ ընդգծելով իրենց միասնականությունը. «Որտեղ Միքայել Սրբազանը, այնտեղ մենք»։

Շիրակի թեմի առաջնորդարանի տարածքում իրականացված քննչական միջոցառումները ավարտվել են, իրավապահները լքել են տարածքը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Շիրակի թեմի առաջնորդարանում իրականացվում է խուզարկություն։ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Միքայել Աջապահյանի բնակարանում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային միջոցառումներ։ Շիրակի թեմի առաջնորդը գտնվում է Մայր աթոռում, որտեղ անցկացվում է Քահանայաց ժողով:

Առաջնորդարանի բակում հավաքված քաղաքացիներից մեկը հայտնել է, որ իրավապահները իրենց հետ տարել են որոշ փաստաթղթեր, հայտնում է Sputnik Արմենիան։

Մայր Աթոռում այս պահին Քահանայաց ժողով է, իսկ այդ ընթացքում Մայր Աթոռ են գնացել իրավապահները, նրանք գնացել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից, հայտնում է Aysor.am-ը։

Փաստաբան Արա Զոհրաբյանն ընթերցել է Քննչական կոմիտե քննիչի որոշումը՝ ձերբակալելու Միքայել Սրբազանին։ ՔԿ-ն միջնորդելու է, որ կալանավորեն Սրբազան հորը։

Հոգևորականները Միքայել Սրբազանին կոչ արել դուրս չգալ Մայր Աթոռից։

«Սրբազան, մի՛ գնացեք, թող գան, զոռով փորձեն տանեն, թող գան՝ բոլորսի տանեն»,- հայտարարել են հոգևորականները։

Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան։ Այդ մասին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է։

Հունիսի 27–ին Մայր աթոռում Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն Մայր աթոռի տարածքում է, հավանաբար նախատեսում են խուզարկել Վեհարանի շենքը` կաթողիկոսի նստավայրը։

Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Աջապահյանի դեմ սկսվել է քրեական վարույթ և կազմավորվում է փաստաբանների պաշտպանական խումբ։