AM
27 Հունիս 2025 - 08:19 AMT

Աջապահյան․ Երբեք չեմ թաքնվել, ես սպառնալիք չեմ երկրի համար, գլխավոր սպառնալիքը կառավարությունում նստած է

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտնել է, որ չի թաքնվել և մտադիր էլ չէ դա անել, և գնալու է իրավապահների հետ։ Նա այդ մասին հայտարարել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բակում։

«Ես երբեք որևիցե տեղչեմ թաքնվել և հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվել։ Տեղի ունեցողն ապօրինություն է։ Եկել են իմ հետևից, ես կգնամ ու կբարձրաձայնեմ՝ տեղի ունեցող ապօրինություն է: Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, չեմ եղել, չեմ, ու չեմ լինի, գլխավոր սպառնալիքը կառավարությունում նստած է։ Բայց այն մարդիկ, ովքեր կատարում են այդ խելագարի կամքը, սպառնում են բռնությամբ, ես գնում են իրենց հետ, ու հոգևորականները կհետևեն ինձ»,– ասել է Աջապահյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ասել է, որ հոգևորականներն իրենց հետագա գործողությունները կքննարկեն Վեհարանում։

«Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ։ Մենք կգնանք Վեհարան, այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների համար։

Միանշանակ է, որ մենք ամենայն ջանք ենք դնելու, որ արդարությունը գործի մեր եկեղեցու հոգևորականների և երկրի համար»,- ասել է Վեհափառը:

Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան։ Այդ մասին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է։

Հունիսի 27–ին Մայր աթոռում Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն Մայր աթոռի տարածքում է, հավանաբար նախատեսում են խուզարկել Վեհարանի շենքը` կաթողիկոսի նստավայրը։ Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Աջապահյանի դեմ սկսվել է քրեական վարույթ և կազմավորվում է փաստաբանների պաշտպանական խումբ։