AM
2 June 2009 - 18:30 AMT

Հայաստանում ամփոփվել են «Կենգուրու 2009» մրցույթի վերջնական արդյունքները

Ամփոփվել են «Կենգուրու 2009»-ի արդյունքները: Մասնակից բոլոր 570 դպրոցներն ստացել են ամփոփ հաշվետվություններ տվյալ դպրոցի երեխաների արդյունքների վերաբերյալ: «Կենգուրու 2009»-ի հաղթողն է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանցի 13-ամյա Էռնա Պետրոսյանը: Որպես հաղթող, Էռնան այս տարի կմեկնի եվրոպական երկրներում կազմակերպվող ամառային միջազգային ճամբար:

Հաշվի առնելով, որ «Կենգուրուն» մեր երկրում առաջին անգամ է անցկացվում, «Այբ» կրթական հիմնադրամը որոշել է եւս երկու երեխաների հնարավորություն տալ միանալ Էռնային, եւ այդ նպատակով հունիս ամսին կազմակերպվելու է լրացուցիչ մրցույթ «լավագույններից լավագույնների» միջեւ:

«Կենգուրուի» մյուս մասնակից երեխաների արդյունքները նույնպես գոհացնող եւ ոգեւորիչ են`111 մասնակիցներ ցույց են տվել լավագույն արդյունքները, 355-ը` հատուկ մրցանակի են արժանացել, 478` դպրոցում լավագույն արդյունք ցուցաբերած երեխաներն են: Մրցանակաբաշխությանը մասնակից բոլոր երեխաներն ու դպրոցները ստանում են հավաստագրեր, լավագույնները` նաեւ պատվոգրեր ու մրցանակներ, հատուկ մրցանակի արժանացածները` խրախուսական մրցանակեր: