Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի հանդեպ հարուցված քրեական գործին, նշել է, որ «Կարապետյանի նկատմամբ իրավական աբսուրդի սկիզբը հենց տրվել է գլխավոր դատախազի կողմից, ինչն աննախադեպ է»։
«Քիչ առաջ ինձ փոխանցեցին, որ Գլխավոր դատախազ, տիկին Վարդապետյանն անդրադարձ է կատարել Սամվել Կարապետյանի՝ ակնհայտ ապօրինի հետապնդման վերաբերյալ իր կողմից հաղորդում տալու հանգամանքին: Քանի որ նշված հանգամանքը հրապարակել եմ ես, հետևաբար, պատասխան-ակնարկը վերագրում եմ ինձ: Չնայած ես տիկին Գլխավոր դատախազի կողմից առավելապես հաստատումը այլ ոչ թե հերքումը լսեցի իմ կողմից ներկայացված պնդման, բայց եկեք ևս մեկ անգամ արձանագրենք.
- Դատարանին քննիչի կողմից ներկայացված կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ ուղիղ արձանագրվել է, բառացի մեջբերում. «ՀՀ գլխավոր դատախազի՝ 2025 թվականի հունիսի 17-ի առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը»,
- Դատարանի կողմից հիմնավոր կասկածն իբրև հիմնավորող դատողություններում, բառացի մեջբերում. «մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ 2025 թվականի հունիսի 17-ի առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ»:
Այստեղ նկատելի է, որ Քննիչը հատուկ ընդգծում է, որ Գլխավոր դատախազը «պատշաճ» հաղորդում է ներկայացրել, իսկ Դատարանը որոշել է այդ եզրույթը չօգտագործել:
Հետևաբար, եկեք ևս մեկ անգամ ֆիքսենք՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավական աբսուրդի սկիզբը հենց տրվել է Գլխավոր դատախազի կողմից, ինչն՝ աննախադեպ է, ինքը՝ քաղաքական հետապնդման հերթական տվյալներից մեկն է, ինչն անհերքելի է:
Ի դեպ՝ միջին ծանրության հանցանքի ենթադրյալ դեպքով, նախկինում երբևէ չարատավորված Սամվել Կարապետյանին հենց կալանավորելու վերաբերյալ, դրանով իրավունքի գերակայությունը հերթական անգամ ստորացնելու վերաբերյալ, ավաղ, ոչինչ չասվեց»,- նշել է նա:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։
Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։
Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։






